Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Քառօրյա պատերազմի զոհերը․ Հայկ Գրիգորյան


Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղ մտնելիս անծանոթի ուշադրությունը առաջինը կգրավի սեւի վրա սպիտակով գրվածը՝ «Հայկ 23»։ Գրությունը մեծ չէ, սակայն ցավն աղաղակող է։ Փոքրիկ դարպասի դուռը բացվում է, Արմինեն՝ Հայկի մորաքրոջ սեւազգեստ աղջիկը, բացում է դուռը, ուղեկցում տուն։

Հյուրասենյակում Հայկի անկյունն է, զինվորական հագուստով նկարներ, ժամացույցը, գլխարկը, ծաղիկներ, մոմեր, «Մարտական ծառայություն» հետմահու ստացած մեդալը։ Լեյտենանտ Գրիգորյանը նկարներից նայում է հստակ ու հպարտ։

Նարինեն՝ Հայկի մայրը, ցավից կուչ է եկել բազմոցին, պատմավեպերի ու դյուցազնավեպերի սիրահարը երեք որդիներին քաջերի անուն է տվել՝ Հայկ նահապետ, Սասմա Դավիթ ու Մհեր։ Քառօրյա պատերազմում զոհվեց Նարինեի ու Ռոդիկի ավագ որդին՝ հրասայլի վարպետը, Գրիգորյաների տան ուրախությունը։
Նարինեն առաջնեկին ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին է ունեցել, 1993թ․ մարտի 29-ին, Մարտունու դպրոցի նկուղում։ «Պատերազմի ժամանակ նկուղում ծնվեց, մեծացավ ու էս պատերազմում էլ զոհվեց»,- ասում է մայրը։

Հակամարտության գոտում ապրող, առաջին պատերազմի բովով անցած Ռոդիկը գիտեր․ «Վայենի զոնում ենք ապրում, մի օր պիտի սկսվեր կռիվը, ու զինվորն էլ պիտի կռվի։ Էն ժամանակ էլ էր էսպես, կռվողը չի վախենում, հարազատներն են վախենում։ Էն ժամանակ, ո՞վ գիտեր, թե մայրս կամ հայրս կարող ա վախենան, առջեւից գնացողը չի վախենում»,-ասում է որդեկորույս հայրն ու նախկին ազատամարտիկը։

Ստեփանակերտում Քրիստափոր Իվանյանի անվան վարժարանն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։
Հայկի մայրը որդուն մի բառով է բնութագրում՝ անթերի․ «Նախադասության երկրորդ մասն արդեն հումոր էր, կամեցող ու հասնող էր, ժպտերես, բայց նկարներում միշտ լուրջ է խոխաս»։

Որդու հետ տիկին Նարինեն վերջին անգամ ապրիլի 2-ին է խոսել, սակայն Հայկի ձայնը սովորականի նման չէր․ «Միշտ հանգստացնում էր, ասում, որ ամեն ինչ լավ է, բայց մի տեսակ լարված էր ու անտրամադիր, ասաց՝ «հարցեր մի տուր, կզանգեմ», սպասում եմ, դե թող զանգի»,-ասում է Նարինեն՝ հայացքն անընդհատ ուղղելով Հայկի նկարին։

Հայկի տանկը խոցվել էր ապրիլի 2-ին, սակայն միայն ապրիլի 6-ին Հայկի դիակը տուն բերեցին։ Այդ ընթացքում տարբեր ու իրար հակասող լուրեր էին ասում, հուսադրում, որ հնարավոր է Հայկը ողջ լինի․ «Թեեւ ուզում էի հավատալ, որ ողջ է, բայց գիտեի, եթե ողջ լիներ՝ կզանգեր, իմաց կտար։ Ինքը ճարպիկ էր, ամեն վատ դրությունից դուրս կգար։ Մի անգամ էլ մեքենան էր վառվել, կարողացել էր դուրս պրծնել հրդեհից, բայց այս անգամ․․․»,- միտքը չի ավարտում Նարինեն։

Մինչ օրս էլ սպասում է որդու զանգին՝ չհավատալով, որ նա չկա։ Տան անկյունում Հայկի լուսանկարները միշտ կային, միայն սեւ շրջանակով մեծադիր նկարն է հուշում, որ անկյունն արդեն անմահության անկյուն է։

Գրիգորյանների ընտանիքում միայն Հայկն էր աշխատում, հայրը՝ Ռոդիկը, սեզոնային աշխատանքներ է անում։ «Մի բան կանենք, միայն խաղաղություն լինի»,-ասում է Ռոդիկը։

Հայկի երազանքը իրենց տունը վերանորոգելն էր։ Նշանված էր, կինն ու ընտանիքը պիտի հայրենի գյուղում ապրեին, բարեկարգ ու հարմարավետ տան մեջ։

Սյուզին 19 տարեկան է, Հայկին հանդիպել է Մարտունու զինկոմիսարիատի մոտ, երբ երկուսն էլ իրենց բարեկամներին էին ճանապարհում բանակ։

«Ինչպես ասում են՝ սեր էր առաջին հայացքից»,- ասում է նա։

Կատակասեր, հոգատար ու խենթ Հայկը պիտի դառնար իր կյանքի ուղեկիցը։

«Մանկուց էլ երազում էի կախարդական փայտիկ ունենալ, որ կատարեր ցանկություններս, հիմա ցանկությունս մեկն է՝ Հայկոն ողջ լինի ու մենք ի կատար ածենք մեր բոլոր երազանքները, այն երազանքները, որ ոչ մի կախարդական փայտիկ չի կարող իրականացնել»,-ասում է Սյուզին։

Հայկի դագաղը փակ էր, հարազատները չկարողացան համբուրել նրա սառած ճակատը, ահա թե ինչու չեն կարողանում համակերպվել իրականության հետ եւ նրանց թվում է, թե իրենց Հայկոն դեռ պիտի գա։

Սյուզին թերթում է իրենց նկարները, դեմքին ժպիտ է հայտնվում, երբ նկարներում Հայկը ժպտում է, պատմում է այն օրերի մասին, երբ ոտքի տակ էին տալիս քաղաքը, հիմա ամեն մի թուփ ու քար իրեն է հիշեցնում, իրենց միասին անցկացրած խենթ րոպեները։


Սյուզին Մուշկապատից է, Մարտունու շրջանի այս երկու գյուղերին մի քանի բլրակ է բաժանում, Մուշկապատ հասնելը քիչ դժվար է։ Գիշեցի տանկիստը միշտ կատակում էր․ «Սյուզի, քեզ տանկով եմ բերելու մեր տուն»։

Նշանածի հուշերում Հայկը ճշտապահ է եւ զինվորականի ճշտապահությունն ուզում էր իրենց ձեւավորվող փոքրիկ ընտանիքին հաղորդել․ «Դու պիտի իմանաս զինվորականի կնոջ վարքականոնը»,- Հայկի հորդորն է հիշում Սյուզին։

Հայկի սեփական ընտանիքը չձեւավորվեց, գիշեցի տանկիստը երազում էր չորս որդի ունենալ, կոչել որդիներին եղբայրների անուններով, ավարտին հասցնել տան վերանորոգումը։

Երեխաների սիրահարը իրենց 3-ամյա փոքրիկ հարեւանին՝ Ալեքսին, «գնդակ» էր կոչում։ Այսօր փոքրիկ «գնդակը» դժվար է հասկանում, թե ինչ է կատարվում, իր համար Հայկոն հերոս է․ «Հերոս Հայկոյի համար ծաղիկներ է բերել»,- ասում է Նարինեն՝ Ալեքսի մայրը, բայց քիչ հետո Ալեքսը հարցադրում է․ «Բա Հայկոն ե՞րբ է գալու»,- ու Հայկի սեւազգեստ մայրը պատասխան չունի։

Հ․Գ

Հայկի մոր խոսքերով՝ որդին ծաղիկներ շատ էր սիրում, դժգոհում, որ անարդար է՝ տղաներին ծաղիկներ չեն նվիրում։ «Հիմա ծաղիկներով ես պատված, բայց ի՞նչ օգուտ»․․․



Մարիամ Սարգսյան

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Հոկտեմբեր 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31